Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա
Marvel Studios-ի կողմից նկարահանված սուպերհերոսային ֆիլմ (2021թ.) / From Wikipedia, the free encyclopedia
«Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա» (անգլ.՝ Spider-Man: No Way Home), ամերիկյան սուպերհերոսային ֆիլմ, որը ստեղծվել է Marvel Comics կոմիքսների Սարդ-Մարդու կերպարի հիման վրա, ստեղծել են Columbia Pictures և Marvel Studios ընկերությունները, դիստրիբյուտորը Sony Pictures Releasing-ն է։ «Սարդ-Մարդ. Տունդարձ» (2017) և «Սարդ-Մարդ. Տնից հեռու» (2019) ֆիլմերի շարունակությունն է, նաև Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի թվով 27-րդ ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորն է Ջոն Ուոթսը, սցենարիստներն են Քրիս Մաքքենանը և Էրիկ Սոմերսը։ Փիթեր Փարկերի դերը կատարել է Թոմ Հոլանդը, ֆիլմում նաև դերակատարում են ունեցել Զենդայան, Բենեդիկտ Քամբերբեչը, Ջոն Ֆավրոն, Ջեյքոբ Բատալոնը, Մարիսա Թոմեյը, Ջեյ Բի Սմուվը, Բենեդիկտ Վոնգը, Ալֆրեդ Մոլինան, Ջեյմի Ֆոքսը, Թոբի Մագուայերը, և Էնդրյու Գարֆիլդը։ Ըստ սյուժեի Փիթեր Փարկերը օգնության խնդրանքով դիմում է Դոկտոր Սթրենջին, որպեսզի վերջինս ողջ աշխարհից թաքցնի Սարդ-Մարդու ինքնության գաղտնիքը, ինչը հանգեցնում է վտանգավոր այլընտրանքային վերջաբանի։
Երրորդ ֆիլմի ստեղծման մասին հայտարարվել է 2017 թվականին՝ «Տունդարձ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 2019 թվականի օգոստոսին Sony Pictures-ի և Marvel Studios-ի միջև եղած բանակցությունները՝ պայմանների փոփոխության վերաբերյալ, որոնց շրջանակներում ընկերությունները համատեղ նկարահանում են Սարդ-Մարդու մասին ֆիլմ ավարտվեցին նրանով, որ Marvel-ը դադարեցրեց նախագիծը։ Սակայն մեկ ամիս անց՝ երկրպագուների բացասական արձագանքներից հետո, երկու ընկերություններն էլ նոր պայմանագիր կնքեցին։ Շուտով հաստատվել է կինոկոմիքսում Ուոթսի, Մաքքենանի, Սոմերսի և Հոլանդի մասնակցությունը։ Նկարահանումները սկսվել են 2020 թվականի հոկտեմբերին Նյու Յորքում։ Արտադրության ընթացքում հայտարարվել է Ֆոքսի և Մոլինայի մասնակցության մասին, որոնք դերակատարում էին ունեցել Սարդ-Մարդու մասին նախկին ֆիլմերում։ 2021 թվականի փետրվարին հայտարարվել է ֆիլմի անվանումը, իսկ մարտի վերջին ավարտվել են նկարահանումները։
ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2021 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի չորրորդ ժամանակագրության շրջանակներում։ Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին։ Սարդ-Մարդու մասին չորրորդ ֆիլմը գտնվում է մշակման փուլում։