Տրիասի ժամանակաշրջան
From Wikipedia, the free encyclopedia
Տրիասի ժամանակաշրջան, տրիաս, մեզոզոյան դարաշրջանի երկրաբանական ժամանակաշրջան։ Տրիասի ժամանակաշրջանը հաջորդում է պերմի ժամանակաշրջանին և նախորդում յուրայի ժամանակաշրջանին։ Ըստ ռադիոլոգիական տվյալների՝ սկսվել է 230 մլն տարի առաջ և տևել մոտ 35 մլն տարի[1]։ Ըստ այլ տվյալների՝ ժամանակաշրջանն սկսվել է 251,902±0,024 մլն տարի առաջ և ավարտվել 201,3±0,2 մլն տարի առաջ[2]։ Այդպիսով՝ այն տևել է շուրջ 51 մլն տարի։ Տրիասի ժամանակաշրջանի ապարների ամբողջությունը կոչվում է տրիասի սիստեմ[3]։
Առանձնացրել է Ֆրիդրիխ Ալբերտին 1834 թվականին։ Անվանումը ծագել է հունարեն՝ ίριας բառից՝ «երեք, եռյակ», քանի որ այն միավորում է Կենտրոնական Եվրոպայի նստվածքների երեք համալիր՝ խայտաբղետ ավազաքար, խեցային կրաքար և խայտաբղետ մերգել (կեյպեր), որոնք դարձել են ստորին, միջին և վերին բաժինների հոմանիշներ[1]։
Պերմի երկրորդ կեսում սկսել են անհետանալ բույսերի և կենդանիների պալեոզոյան խմբերը։ Պերմի վերջում և հատկապես տրիասի ժամանակաշրջանի սկզբում հանդես են եկել բույսերի և կենդանիների նոր (մեզոզոյան) տեսակներ, որոնք տրիասի ժամանակաշրջանի ընթացքում գոյակցում էին հին ձևերի հետ և միայն տրիասի վերջից կամ յուրայի սկզբից դարձել են տիրապետող։ Բույսերի հիմնական մեզոֆիտային խմբերը (ձարխոտեր, սագոյենիներ, բենետիրներ, գինկգոներ, մեզոֆիտային փշատերևներ) զգալի քանակություններով հայտնվել են տրիասի ժամանակաշրջանի երկրորդ կեսում։ Կենդանական աշխարհին բնորոշ է սողունների բազմացումը, որոնք հարմարվել էին ցամաքային և ծովային կյանքին։ Հայտնվել են մեզոզոյին բնորոշ արխեոզավրերը, իխտիոզավրերը, սինենդոզավրերը, լեպիդոզավրերը, կրիաները։ Տրիասի վերջում հանդես են եկել իսկական ոսկրավոր ձկները և առաջին կաթնասունները։
Հայաստանում տրիասի նստվածքներն ունեն սահմանափակ տարածում, հայտնի են միայն Վայոց ձորում և ներկայացված են կրաքարերով, ածխային թերթաքարերով ու ավազաքարերով[1]։