Ցավ
From Wikipedia, the free encyclopedia
Ցավ, անհանգստացնող զգացողություն, որը հաճախ առաջանում է ուժգին կամ վնասող ազդակներից։ Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիայի կողմից լայնորեն կիրառվող սահմանումը բնութագրում է ցավը որպես «տհաճ զգայական և հուզական ապրում, որոնք ասոցացվում են իրական կամ հնարավոր հյուսվածքի վնասման հետ կամ բնութագրվում են նման վնասվածքի շրջանակներում»[1]։ Այնուամենայնիվ, հանդես գալով որպես համալիր, սուբյեկտիվ երևույթ, ցավի սահմանումը բավականին խնդրահարույց է։ Բժշկական ախտորոշմամբ ցավը համարվում է որևէ վիճակի հիմքում ընկած ախտանիշ։
Ցավ | |
---|---|
Կնոջ դեմքի արտահայտությունը արյուն վերցնելու ժամանակ | |
Տեսակ | negative emotion?, biomedical measurand type?, առողջական խնդիր, կլինիկական նշան, ախտանիշ կամ նշան և բժշկական եզրակացություն |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն, primary care?, անեսթեզիոլոգիա, անհետաձգելի բժշկություն և Պալիատիվ օգնություն |
ՀՄԴ-9 | 338 |
ՀՄԴ-10 | R52.9 |
Pain Վիքիպահեստում |
Ցավը նպաստում է, որ անհատը դուրս գա վնասող իրավիճակներից, պաշտպանում է վնասված մարմնի մասը ապաքինման ընթացքում և օգնում է ապագայում խուսափել նման փորձառություններից[2]։ Մեծ մասամբ ցավը անցնում է, երբ վնասակար ազդակը հեռացվում է և մարմինը ապաքինվում է, բայց որոշ դեպքերում այն կարող է պահպանվել անկախ ազդակի հեռացումից և մարմնի թվացյալ ապաքինումից։ Երբեմն ցավն առաջանում է որևէ նկատելի ազդակի, վնասվածքի կամ հիվանդության բացակայության դեպքում[3]։ Շատ զարգացած երկրներում՝ ցավը բժշկի խորհրդատվությանը դիմելու ամենատարածված պատճառն է[4][5]։ Բազում բժշկական խնդիրների դեպքում այն հանդիսանում է հիմնական ախտանիշ և կարող է ազդել հիվանդի կյանքի որակի և ընդհանուր ֆունկցիաների վրա[6]։ Հասարակ ցավազրկող դեղամիջոցները արդյունավետ են 20-70 տոկոս դեպքերում[7]։ Հոգեբանական գործոնները, ինչպիսիք են սոցիալական աջակցությունը, հիպնոսային ներշնչանքը, հուզմունքը կամ ցրվածությունը կարող են նշանակելիորեն ազդել ցավի ուժգնության կամ տհաճության վրա[8][9]։ Բժշկի օգնությամբ կատարվող սուիցիդների, կամ էվթանազիային վերաբերվող որոշ բանավեճերում՝ ցավը օգտագործվել է որպես փաստարկ, անբուժելի հիվանդ մարդկանց կողմից իրենց կյանքը ընդհատելու թույլտվություն ստանալու համար[10]։