Քեյ փոփ
From Wikipedia, the free encyclopedia
Քեյ–փոփ (/keɪ pɔp/, հապավում՝ կորեական փոփ[1][2], հանգըլ՝ 가요 ― գայո[3]), երաժշտական ուղղություն, որը ծագել է Հարավային Կորեայում[4] ու ներառում է իր մեջ փոփ երաժշտության տարատեսակ ժանրեր՝ էլեկտրոփոփ, հիփ–հոփ, պարային երաժշտություն և ժամանակակից ռիթմ–էնդ–բլյուզ[3] և այլն։ Սակայն տերմինն արդեն վաղուց ընկալվում է որպես առանձին երաժշտական ժանր, ավելին՝ մասսայական ֆենոմեն, որը դուրս է եկել Հարավային Կորեայի սահմաններից ու մեծ տարածում գտել Արևմտյան տարածաշրջանում[5]։
Ամերիկյան Rolling Stone պարբերականի հոդվածագրերից մեկի բնութագրմամբ՝ Քեյ–փոփն իրենից ներկայացնում է «արդի արևմտյան երաժշտության և գերէներգետիկ ճապոնական փոփի խառնուրդ», որը գրավում է ունկդիրներին կրնկվող անգլերեն լեզվով «բառախաղերի» միջոցով։ Քեյ–փոփին բնորոշ է տարատեսակ երաժշտական լուծումների, երգեցողության, ռեփի, խորեոգրաֆիայի, դերասանական արվեստի և վիզուալ էֆեկտների օգտագործումը[2]։ Թեպետ Կորեայում Քեյ–փոփը ասելով հասկանում են տարատեսակ երաժշտական ժանրեր, այդ երկրից դուրս այն բնութագրում են որպես առանձին ուղղություն, որը կատարվում է այսպես կոչված կուռքերի կողմից, որոնք իրենց կոնցեպցիայով, արտաքին տեսքով ու կատարողական արվեստով նման են ճապոնական կուռքերին՝ այդոլներին[6]։
Քեյ–փոփը այնքան հայտնի է դարձել, որ ի շնորհիվ համացանցի այն վերածվել է երիտասարդական ենթամշակույթի, որի ներկայացուցիչները ընդօրինակում են հարավկորեական ժամանակակից նորաձևությանը ու ոճերին։ Քեյ–փոփ արտադրող ձայնագրման և պրոդյուսերական ընկերությունները նոր լսարան են ձեռք բերում՝ օգտագործելով թվային կոնտենտը[7]։ Հարավային Կորեայի փոփ–մշակույթն այսօր համարվում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երիտասարդության առաջնային հետաքրքրություններից մեկը։ Ավելին՝ Չինաստանը, Հոնկոնգը, Ճապոնիան, Թայվանը և Հարավարևմտյան Ասիայի զգալի մասը շուկայական առումով կարևորագույն կենտրոններից են։