Օրթոդոնտիա
From Wikipedia, the free encyclopedia
Օրթոդոնտիա Օրթոդոնտիան (հուն. ορθός ուղիղ, ճիշտ և οδόντι ատամ)[1] ստոմատոլոգիայի զարգացող ճյուղերից է, որը զբաղվում է ատամնածնոտային անոմալիաների պատճառագիտության ուսումնասիրությամբ,ախտորոշմամբ, բուժման պլանավորմամբ, կանխարգելման միջոցների մշակմամբ, ինչպես նաև ծնոտների աճի կառավարմամբ, ատամնածնոտային համակարգի ֆունկցիաների կարգավորմամբ և օրգանիզմի զարգացման վրա ատամնածնոտային անոմալիաների ազդեցության ուսումնասիրությամբ[2]։ Օրթոդոնտիան կարող է ազդեցությու ունենալ նաև ընդհանու դիմային աճի վրա, որտեղից էլ ստացել է իր ատամնադիմային օրթոպեդիա անվանումը։
Ատամնածնոտային անոմալիաները շատ տարածված են։ Ըստ Ամերիկյան Օրթոդոնտների Ասոցիացիայի (ԱՕԱ) ներկայացրած տվյալների զարգացած երկրների բնակչության գրեթե 50%-ը ունի խիստ արտահայտված կծվածքի խանգարում, որ բուժելու դեպքում մարդկանց կյանքի որակը զգալի կերպով կբարձրանա։ Թեև այս ցուցանիշը 10%-ից պակաս է համաձայն նույն ԱՕԱ-ի հայտարարության, երբ դիտարկում ենք բժշկական տեսանկյունից անհրաժեշտ օրթոդոնտիկ բուժման ենթակա դեպքեը։ Օրթոդոնտիկ բուժում անցած բուժառուները փաստում են կյանքի որակի բարձրացմա մասին, բայց օրթոդոնտիկ բուժման՝ առողջության վրա թողած օգուտների վերաբերյալ վերջնական գիտական ապացույցները դեռևց բացակայում են[3][4]։ Բուժումը սովորաբար տևում է մի քանի ամսից մինչև մի քանի տարի, որի ընթացքում կարող է կիրառվել բրեկետ համակարգ և/կամ այլ սարքեր՝ ծնոտների դիրքի, ատամների խճողման աստիճանաբար ուղղման և մի շարք այլ խնդիրներ լուծելու նպատակով։ Որոշ բարդ դեպքերի համար օրթոգնաթիկ վիրահատական միջամտության անհրաժեշտություն կարող է լինել։ Բուժոմը հիմնականում պետք է սկսել փոքր տարիքից, մինչև աճի կանգը, քանի որ այդ տարիքում հնարավոր է ստանալ ոսկրային աճ, սակայն օրթոդոնդիլ բուժման համար չկա տարիքային սահմանափակում։