Ֆրեդերիկ Դուգլաս
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդերիկ Դուգլաս (անգլ.՝ Frederick Douglass, փետրվարի 14, 1818(1818-02-14)[3][4][5][…], Թալբոտ շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[6][1] - փետրվարի 20, 1895(1895-02-20)[7][8][9][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[10][6][1]), ամերիկացի գրող, լուսավորիչ, աբոլիցիոնիստ, խմբագիր և հռետոր։ Ամերիկայի սևամորթ բնակչության իրավունքների համար պայքարող հայտնի մարդկանցից մեկն է, սևամորթների ազատագրական շարժման ղեկավար։
Ստրկությունից փախչելով` Դուգլասը դարձել է աբոլիցիոնիստական շարժման առաջնորդը։ Տիրապետելով հռետորական առանձնահատուկ շնորհի` Դուգլասը կազմակերպել է հակաստրկատիրական լայն արշավ։ Նա դարձել է կենդանի պատասխան այն ստրկատերերի համար, ովքեր պնդում էին, որ ստրուկները բավարար ինտելեկտ չունեն Ամերիկայի անկախ քաղաքացիներ լինելու համար։ ԱՄՆ-ի հյուսիսային նահանգներում ապրող շատ տեղաբնակներ չէին հավատում, որ Ֆրեդերիկի պես հայտնի հռետորը ստրուկ է։
Որպես գրող` Դուգլասը մի քանի հուշագրությունների հեղինակ է։ Իր «Ամերիկացի ստրուկ Ֆրեդերիկ Դուգլասի կյանքի պատմությունը» ինքնակենսագրականում (1845) Դուգլասը ճոխ լեզվով ներկայացրել է իր ստրկական առօրյան։ Գիրքը դարձել է բեսթսելլեր և նշանակալից ազդեցություն է ունեցել ստրկությունը վերացնելու շարժման մեջ, ինչպես և հեղինակի մեկ այլ գիրք` «Իմ ստրկությունը, իմ ազատությունը» (1855)։ Քաղաքացիական պատերազմից հետո Դուգլասը մնացել է ստրկության դեմ պայքարող առաջամարտիկներից մեկը և գրել է իր վերջին ինքնակենսագրականը` «Ֆրեդերիկ Դուգլասի կյանքն ու դարաշրջանը»։ Նա պայքարել է նաև կանանց ընտրական իրավունքի համար։