Տասնութերորդ արքայատոհմ
եգիպտական արքայատոհմ, որն իշխել է մ․թ․ա․ 1550 թվականից մինչև 1295 թվականը / From Wikipedia, the free encyclopedia
Եգիպտոսի տասնութերորդ արքայատոհմ (անգլ.՝ Eighteenth Dynasty of Egypt, գրվում է նաև Արքայատոհմ XVIII, այլընտրանքային ձևով՝ 18-րդ արքայատոհմ կամ Արքայատոհմ 18), Եգիպտոսի նոր թագավորության առաջին արքայատոհմ, որի ժամանակաշրջանում Հին Եգիպտոսը հասել է իր հզորության գագաթնակետին։ Տասնութերորդ արքայատոհմն ընդգրկել է մ․թ․ա․ 1550/1549 - 1292 թվականները։ Հայտնի է նաև որպես Թութմոսների արքայատոհմ՝ ի պատիվ Թութմոս անունով չորս փարավոնների։
Տասնութերորդ արքայատոհմ | |
---|---|
Տեսակ | եգիպտական արքայատոհմ |
Ծագում | Տասնյոթերորդ արքայատոհմ |
Հիմնում | մ. թ. ա. 1550 |
Ավարտ | մ. թ. ա. 1292 |
Եգիպտոսի ամենահայտնի փարավոններից մի քանիսը պատկանել են տասնութերորդ արքայատոհմին, այդ թվում՝ Թութանհամոնը, որի դամբարանը 1922 թվականին հայտնաբերել է Հովարդ Քարթերը։ Այս արքայատոհմի ներկայացուցիչ այլ փարավոններից են՝ ամենաերկար իշխած կին-փարավոն Հատշեպսուտը (մ․թ․ա․ մոտավորապես 1479 –1458 թվականներ) և «հերետիկոս փարավոն» Էխնաթոնը (մ․թ․ա․ մոտավորապես 1353–1336 թվականներ) իր մեծ թագուհի Նեֆերտիտիի հետ։ Եգիպտական մյուս արքայատոհմերի մեջ տասնութերորդ արքայատոհմը եզակի է նրանով, որ ունեցել է երկու կին-փարավոն՝ Հատշեպսուտը, որը համարվում է Հին Եգիպտոսի ամենանորարար կառավարիչներից մեկը, և Նեֆերնեֆրուատոնը, որը սովորաբար նույնացվում է Նեֆերտիտիի հետ[1]։