Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ
From Wikipedia, the free encyclopedia
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (ՍՃՓՎ), սեռավարակները, որոնք հայտնի նաև որպես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ (ՍՃՓՀ) կամ վեներական հիվանդություններ (ՎՀ), հիմնականում փոխանցվում են սեռական ճանապարհով, հատկապես հեշտոցային, սրբանային կամ օրալ սեռական հարաբերությունների միջոցով։ Սեռավակների մեծ մասը սկզբնական շրջանում չեն արտահայտվում[1], ինչը մեծացնում է վարակը ուրիշներին փոխանցելու վտանգը[2][3]։ Հիվանդության նախանշանների ու ախտանիշների շարքում կարող են լինել հեշտոցային արտադրությունը, արտադրությունը միզուկից, խոցերը սեռական օրգանների վրա կամ դրանց շրջանում և որովայնային ցավերը։ Ծննդաբերությունից առաջ կամ դրա ընթացքում սեռավարակներ կրելը կարող է վատ հետևանքներ ունենալ երեխայի համար։ Որոշ սեռավարակներ կարող են բացասաբար ազդել հղիանալու ունակության վրա[1]։
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ | |
---|---|
Տեսակ | mode of transmission? |
Պատճառ | մարդու սեռական կյանք, Վարակ, sexual risk behavior? և absence? |
Հիվանդության ախտանշաններ | Խրոնիկական հոգնածության համախտանիշ, Ուռուցքներ, հևոց, Վարակ, արյունահոսություն, lesion? և acute weight loss? |
Բուժաքննություն | histopathology?, Արյան միջավայր և pelvic examination? |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 099.0 |
ՀՄԴ-10 | A64 |
Բուժում | հակաբիոտիկ, Հակավիրուսային դեղեր, ablation?, local anti-infective agent? և post-exposure prophylaxis? |
Sexually transmitted diseases and disorders Վիքիպահեստում |
Ավելի քան 30 տարբեր բակտերիաներ, վիրուսներ և մակաբույծներ կարող են ՍՃՓՎ պատճառ հանդիսանալ[1]։ Վարակակիր բակտերիաներից են՝ խլամիդիան, սուսանակը, սիֆիլիսը։ Վարակակիր վիրուսներից են՝ սեռական օրգանների հերպեսը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, և սեռական օրգանների գորտնուկները (սրածայր կանդիլոմաները)։ Վարակակիր մակաբույծներից են՝ տրիխոմոնոզը։ Չնայած սեռավարկների փոխանցման հիմնական ճանապարհը սեռական շփումն է, այնուամենայնիվ որոշ սեռավարակներ կարող են փոխանցվել նաև ոչ սեռական ճանապարհով, օրինակ՝ վարակված արյան և հյուսվածքների հետ անմիջական շփման, կրծքով կերակրման, ծննդաբերության ընթացքում[1]։ Սեռավարակներն աշխտորոշելու միջոցները լայն տարածված և հասանելի են զարգացած երկրներում, մինչդեռ նույնը չի կարելի ասել զարգացող երկրների դեպքում[1]։
Սեռավարակների փոխանցումը կանխարգելելու ամենաարդյունավետ եղանակը սեռական հարաբերություններից հրաժարվելն է (ժուժկալություն)[4]։ Պատվաստումների որոշ տեսակներ նույնպես կարող են նվազեցնել որոշ վարակներով վարակվելու վտանգը, ներառյալ՝ հեպատիտ B-ն և մարդու պապիլոմավիրուսը[4]։ Վարակվելու վտանգը կարող են նվազեցնել նաև պաշտպանված սեռական հարաբերությունները, օրինակ՝ պահպանակ օգտագործելը, քիչ թվով սեռական զուգընկերներ ունենալը, և այնպիսի հարաբերությունները, որտեղ կողմերը սեռական կապի մեջ են բացառապես միմյանց հետ[1][4]։ Տղամարդկանց թլփատումը ևս կարող է արդյունավետ լինել որոշ վարակների դեպքում[1]։ Սեռավարակների մեծ մասը ենթակա է բուժման կամ բուժելի են[1]։ Ամենատարածված վարակներից սիֆիլիսը, սուսանակը, խլամիդիան, տրիխոմոնոզը բուժելի են, իսկ հեպատիտ B-ն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ և մարդու պապիլոմավիրուսը պահանջում են պարբերական բժշկական միջամտություն[1]։ Որոշ օրգանիզմների մոտ, օրինակ՝ սուսանակը, հակաբիոտիկների նկատմամբ կայունություն է զարգանում[5]։
2008 թվականի գնահատականներով աշխարհում 500 միլիոն մարդ կրում է սուսանակ, խլամիդիա կամ տրիխոմոնոզ տիպի որևէ վարակ[1]։ Առնվազն ևս 530 միլիոն մարդ ունի սեռական օրգանների հերպես։ 290 միլիոն կին կրում է մարդու պապիլոմավիրուս[1]։ Սեռավարակներից (բացառությամբ՝ ՄԻԱՎ-ը), 2013 թվականին մահացել է 142,000 մարդ[6]։ 2010 թվականին ԱՄՆ-ում գրանցվել է սեռավարակների 19 միլիոն նոր դեպք[7]։
Սեռավարակների մասին պատմական փաստեր են պարունակվում դեռևս Էբերսի պապիրուսում՝ մ.թ.ա. 1550 թվականին և Հին Կտակարանում[8]։ Այս վարակների հետ հաճախ ասոցացվում է ամոթն ու խարանը[1]։ «Սեռական ճանապարհով փոխանցվող վարակ» տերմինը հաճախ ավելի նախընտրելի է «սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն» և «վեներական հիվանդություն» տերմիններից, քանի որ այն ներառում է նաև նրանց, ովքեր չունեն ախտանիշներով ուղեկցվող հիվանդություններ[9]։