IBM
From Wikipedia, the free encyclopedia
Այ-Բի-Էմ (անգլ.՝ IBM (International Business Machines), թարգմանաբար «Միջազգային Գործարար Մեքենաներ»), միջազգային ընկերություն, որի գլխամասը գտնվում է ԱՄՆ–ի Նյու Յորք նահանգի Արմոնկ քաղաքում։ Այ-Բի-Էմը արտադրում և շուկայում իրացնում է համակարգչային սարքավորումներ և ծրագրային ապահովում, տրամադրում է հոսթինգի ու խորհրդատվական ծառայություններ բազմաթիվ ոլորտներում՝ մեծ համակարգիչներից (մեյնֆրեյմերից) մինչև նանոտեխնոլոգիաներ[26]։
1911 թ.-ին երեք ընկերություններ՝ Tabulating Machine Company-ն, International Time Recording Company-ն և Computing Scale Company-ն միավորվել են և կոչվել CTR (անգլ.՝ Computing Tabulating Recording)[27][28][29]։ Այն ստացել է «IBM» անվանումը 1924 թ.-ին, օգտագործելով «CTR»-ի Կանադայի և Հարավային Աֆրիկայի մասնաճյուղերի համար նախատեսված անվանումը։ Արժեթղթերի վերլուծաբանները Այ-Բի-Էմին կոչեցին «Կապույտ Հսկա» (անգլ.` «Big Blue»)` ընկերության արտադրանքում, պատկերանիշում և փաթեթավորման մեջ հաճախ օգտագործվող կապույտ գույնի պատճառով[30]։
2012 թ.–ին «Fortune» ամսագիրը Այ-Բի-Էմին նշեց որպես ԱՄՆ-ում երկրորդ ամենամեծ ընկերությունը` աշխատակիցների քանակով (435.000 ամբողջ աշխարհում[31], մոտ 100.000 ԱՄՆ-ում[32]), չորրորդ ամենամեծը՝ ըստ շուկայի կապիտալիզացիայի[33], իններորդը՝ շահութաբերությամբ[34] և տասնիններորդը՝ ըստ եկամտի[35]։ Ամբողջ աշխարհում ընկերությունը եկամտաբերությամբ դասակարգվել է որպես երեսունմեկերորդը՝ ըստ Ֆորբս ամսագրի՝ 2011 թ.-ին[36][37]2011-2012 թթ.-ի այլ վարկանշային աղյուսակներում Այ-Բի-Էմը առաջինն է որպես առաջատարների համար ընկերություն (ըստ «Fortune»-ի) և կանաչ ընկերություն (ըստ «Newsweek»-ի), երկրորդ ամենալավ միջազգային բրենդն է (ըստ «Interbrand»-ի) և ամենահարգված ընկերությունը (ըստ «Barron's»-ի), ինչպես նաև հինգերորդ ամենաշատ հիացմունք առաջացնող ընկերությունը (ըստ «Fortune»-ի) ու տասնութերորդը՝ ըստ նորարարությունների (ըստ «Fast Company»-ի)[38]։
Այ–Բի–Էմը ունի 12 հետազոտական լաբորատորիա ամբողջ աշխարհում և 2014 թ.-ի դրությամբ այն շարունակում է մնալ ռեկորդակիր՝ հանդիսանալով 21 տարի անընդմեջ ամենաշատ արտոնագիր գրանցած ընկերությունը։ Ընկերության գոյության ընթացքում նրա աշխատակիցները արժանացել են հինգ Ազգային գիտական մրցանակի, հինգ Նոբելյան մրցանակի, հինգ Թյուրինգի մրցանակի և տասը Ազգային տեխնոլոգիական մեդալի[39][40]։ Այ-Բի-Էմի նշանավոր հայտնագործություններից են բանկոմատը, ճկուն և կոշտ սկավառակները, մագնիսային շերտով քարտերը, ռելացիոն տվյալների բազան, արտադրանքի ունիվերսալ կոդը (անգլ.` «UPC»), ֆինանսական փոխանակումը (անգլ.` swap), «SABRE» ավիատոմսերի ամրագրման համակարգը, դինամիկ օպերատիվ հիշողությունը (անգլ.` «DRAM») և Այ–Բի–Էմ Վաթսոն (անգլ.` IBM Watson) արհեստական բանականությամբ գերհամակարգիչը։
Ընկերությունը անցել է կազմակերպչական փոփոխությունների փուլերով` 2002 թ․–ին «ՓռայսվոթեռհաուսՔուփերս»[41] կազմակերպության խորհրդատվական բաժինը, 2009 թ․–ին՝ SPSS, 2012 թ․–ին՝ Կենեքսա (անգլ.՝ Kenexa) ընկերությունները գնելուց հետո, ինչպես նաև նաև 1991 թ․–ին Լեքսմարկ ընկերության առանձնացումից և «ThinkPad» ապրանքների ընտանիքը 2005 թ․–ին Լենովո ընկերությանը վաճառքից հետո[42]։