Առիթմիա
From Wikipedia, the free encyclopedia
Առիթմիա (հուն․՝ ἀρρυθμία «ա» ժխտական մասնիկ և «ռիթմ» բառերից), ախտաբանական վիճակների խումբ, որոնց դեպքում սրտի կծկումները անկանոն են, շատ հաճախ կամ շատ դանդաղ[1]։ Սրտի կծկումների հաճախականությունը (ՍԿՀ), որը մեծահասակների մոտ բարձր է 100զ/ր-ից, կոչվում է հաճախասրտություն, իսկ 60զ/ր-ից ցածր ՍԿՀ-ն՝ դանդաղասրտություն[1]։ Առիթմիաների շատ տիպեր ընթանում են անախտանիշներով[2]։ Ախտանշանները կարող են ընդգրկել սրտխփոց կամ զարկերի միջև կանգի զգացում[2]։ Ավելի լուրջ դեպքերում կարող են լինել գլխապտույտ, ուշաթափություն, հևոց կամ կրծքավանդակի ցավ[2]։ Չնայած առիթմիաների մեծ մասը լուրջ վտանգ չի ներկայացնում, այնուամենայնիվ որոշ առիթմիաներ կարող են բարդանալ կաթվածով կամ սրտային անբավարարությամբ[1][3]։ Մյուսները կարող են առաջացնել սրտի կանգ[3]։
Առիթմիա | |
---|---|
Տեսակ | բժշկական եզրակացություն, ախտանիշ կամ նշան և հիվանդության կարգ |
Հետևանք | Սրտային անբավարարություն |
Վնասում է | heart rate variability? |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն և rhythmology? |
ՀՄԴ-9 | 427 |
ՀՄԴ-10 | I47 և I49 |
Cardiac arrhythmias Վիքիպահեստում |
Գոյություն ունի առիթմիայի 4 հիմնական տեսակ․ հավելյալ կծկում, վերփորոքային հաճախասրտություն, փորոքային հաճախասրտություն և տարբեր տեսակի դանդաղասրտություններ[4]։ Հավելյալ կծկումները ներառում են վաղաժամ նախասրտային կծկում (ՎՆԿ), վաղաժամ փորոքային կծկում (ՎՓԿ) և վաղաժամ հանգուցային կծկում (ՎՀԿ)[4]։ Վերփորոքային առիթմիաների թվին են պատկանում նախասրտերի ֆիբրիլյացիան, նախասրտերի թրթռումը և պարոքսիզմալ վերփորոքային հաճախասրտությունը[4]։ Փորոքային առիթմիաների թվին են պատկանում փորոքային ֆիբրիլյացիան և փորոքային հաճախասրտությունը[4][5]։ Առիթմիաներն առաջանում են սրտի հաղորդչական համակարգում խնդիրների պատճառով[1]։ Առիթմիաները կարող են առաջանալ երեխաների մոտ, այնուամենայնիվ ՍԿՀ-ի նորմաները տատանվում են կախված տարիքից[4]։ Ախտորոշմանը օգնում են այնպիսի հետազոտություններ, ինչպիսիք են էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ) և Հոլտեր մոնիտորինգը[6]։
Առիթմիաների մեծ մասը արդյունավետ բուժվում են[1]։ Բուժումը կարող է ընդգրկել դեղորայք, բժշկական միջամտություն (օր․՝ ռիթմավարի տեղադրում) և վիրահատություն[7]։ Հաճախասրտության դեպքում կիրառվող դեղորայքը ընդգրկում է բետա-արգելակիչներ կամ ռիթմը վերակագնող այլ նյութեր, օրինակ՝ պրոկաինամիդ[7]։ Վերջին խումբը կարող է ունենալ ավելի արտահայտված կողմնակի ազդեցություններ, հատկապես երկարատև կիրառման դեպքում[7]։ Ռիթմավարները սովորաբար օգտագործվում են դանդաղասրտությունների դեպքում[7]։ Առիթմիայով հիվանդները հաճախ բուժվում են նաև հակամակարդիչներով՝ կանխելու համար բարդությունները[7]։ Առիթմիայի պատճառով ախտանշանների սուր առաջացման դեպքում կարող է ծագել վերահսկվող էլեկտրական հարվածի (կարդիովերսիա կամ դեֆիբրիլյացիա) տեսքով անհետաձգելի բուժման կարիք[7]։
Առիթմիայով տառապում են միլիոնավոր մարդիկ[8]։ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, ըստ 2014 թվականի տվյալների, նախասրտային ֆիբրիլյացիայով տառապում է բնակչության 2-3%-ը[9]։ Նախասրտերի ֆիբրիլյացիան և թրթռումը 2013 թվականին բերել են 112,000 մահվան, իսկ 1990 թվականին՝ 29,000 մահվան[10]։ Հանկարծակի սրտային մահը (ՀՍՄ) սիրտանոթային հիվանդությունների պատճառով մահերի կեսն է կազմում և ընդհանուր մահացության շուրջ 15%-ը[11]։ ՀՍՄ-ի մոտ 80%-ի պատճառը փորոքային առիթմիան է[11]։ Առիթմիաները կարող են առաջանալ ցանկացած տարիքում, սակայն ավելի հաճախ հանդիպում են մեծահասակների մոտ[8]։