Նախասրտերի ֆիբրիլյացիա
From Wikipedia, the free encyclopedia
Նախասրտերի ֆիբրիլյացիա (ՆՖ, հոմանիշ՝ նախասրտերի շողացում), վերփորոքային տախիառիթմիայի տարատեսակ, որը բնորոշվում է նախասրտերի քաոսային էլէկտրական ակտիվությամբ՝ 350-750 կծկում մեկ րոպեում՝ բացառելով կոորդինացված կծկումների հնարավորությունը։ Համարվում է ամենատարածված առիթմիաներից (ռիթմաշեղումներից) մեկը[2]։ Հաճախ ՆՖ հայտնաբերվում է անոթազարկի շոշափման ժամանակ, որի ընթացքում սրտի աշխատանքն ընթանում է անկանոն միջակայքերով։ Սակայն վերջնական ախտորոշումը դրվում է էլեկտրասրտագրության (ԷՍԳ) բնորոշ նշանների հիման վրա՝ p ատամիկների բացակայություն, որոնք առկա են նորմայում և ցույց են տալիս նախասրտերի կծկման էլէկտրական ակտիվությունը։ Միևնույն ժամանակ դրա տեղում ի հայտ են գալիս բազմաթիվ f ալիքներ, որոնք բնորոշում են նախասրտերի ֆիբրիլյացիան (այսինքն՝ շողացում, դող)։
Նախասրտերի ֆիբրիլյացիա | |
---|---|
Տեսակ | հազվագյուտ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | սրտխփոց[1] |
Բժշկական մասնագիտություն | սրտաբանություն |
Atrial fibrillation Վիքիպահեստում |
Նախասրտերի շողացման ժամանակ փորոքների կծկման հաճախականությունը կախված է նախասիրտ-փորոքային հանգույցի էլեկտրաֆիզիոլոգիական հատկություններից, սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդային համակարգերի ակտիվության մակարդակից, այդ թվում՝ դեղամիջոցների ազդեցությունից։ Նախասրտերի ֆիբրիլյացիայի առաջացման ռիսկը մեծանում է տարիքի հետ։ Այս առիթմիան ոչ հազվադեպ կապված է սրտի օրգանական հիվանդությունների հետ։ Հեմոդինամիկայի (արյան շրջանառության ցուցանիշների՝ զարկերակային ճնշման և սրտի կծկումների հաճախության) խանգարումը և թրոմբոէմբոլիայի առաջացման բարդությունը, կապված լինելով նախասրտերի ֆիբրիլյացիայի հետ, բերում են հիվանդացության և մահացության, ինչպես նաև բուժսպասարկման արժեքի բարձրացման։ Նախասրտերի ֆիբրիլյացիայի քրոնիկական (շարունակական) ընթացքը բերում է մահվան ռիսկի մեծացման՝ մոտ 1,5-2 անգամ[3][4]։