Արտարգանդային հղիություն
From Wikipedia, the free encyclopedia
Արտարգանդային հղիություն, բեղմնավորված ձվաբջջի ամրացումն ու զարգացումն արգանդի խոռոչից դուրս[1]։ Սովորաբար ուղեկցվում է որովայնային ցավով և հեշտոցային արյունահոսությամբ[2]։ Այս զույգ ախտանիշները հանդիպում են արտարգանդային հղիությամբ կանանց 50%-ի շրջանում[2]։ Ցավը կարող է լինել սուր, բութ կամ կծկումային[2]։ Եթե որովայնի խոռոչում առկա է արյունահոսություն, ցավը կարող է ճառագայթել դեպի ուսի, բազկի շրջան[2]։ Ծանր արյունահոսությունը կարող է բերել հաճախասրտության, ուշագնացության կամ շոկի[1][2]։ Պտուղը չի կարող գոյատևել՝ բացառությամբ որոշ դեպքերի[3]։
Արտարգանդային հղիություն | |
---|---|
Արտարգանդային հղիություն | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | որովայնային ցավ |
Բժշկական մասնագիտություն | Մանկաբարձություն և գինեկոլոգիա |
Ectopic pregnancy Վիքիպահեստում |
Պատճառն առավել հաճախ կնոջ սեռական օրգանների, առաջին հերթին արգանդափողերի բորբոքային հիվանդություններն են, խլամիդիոզը։ Ռիսկային գործոններից են նաև ծխելը, արգանդափողերի վրա կատարված վիրահատությունները, անպտղությունը և այլն[4]։ Անամնեզում արտարգանդային հղիություն ունեցողների շրջանում կրկնության հավանականությունը շատ ավելի բարձր է[4]։ Բորբոքային փոփոխությունների (կպումների, սպիների) հետևանքով արգանդափողերը կորցնում են իրենց հիմնական ֆունկցիան՝ բեղմնավորված ձվաբջիջը (զիգոտ) բռնելու և արգանդի խոռոչ տեղափոխելու հատկությունը, որի հետևանքով պտղաձուն ամրանում է արգանդափողում, որովայնի խոռոչում կամ ձվարանում[2]։ Առավել հաճախ (90%) ձվաբջիջը ամրանում է արգանդափողերում, որը կոչվում է նաև փողային հղիություն[4]։ Ախտորոշումը կատարվում է չափելով մարդու խորիոնային գոնադոտրոպինի (hCG) մակարդակը և կատարելով ուլտրաձայնային հետազոտություն[2]։ Ուլտրաձայնային հետազոտության արդունավետությունը ավելի բարձր է, երբ կատարվում է ներհեշտոցային մեթոդով[2]։ Նման ախտանիշներ բնորոշ են նաև վիժմանը, ձվարանի ոլորմանը կամ սուր ապենդիցիտին[2]։
Ռիսկային գործոնների ազդեցության նվազեցումը՝ խլամիդիոզի ժամանակին հայտնաբերումը և բուժումը, օգնում է կանխել արտարգանդային հղիության զարգացումը[5]։ Արտարգանդային հղիությունը հնարավոր է բուժել դեղորայքային և վիրահատական մեթոդներով[4]։ Վիրահատական մեթոդը կիրառվում է, երբ առկա է ֆետալ սրտի աշխատանք, փողը պատռվել է կամ հիվանդի վիճակը կայուն չէ[4]։ Վիրահատությունը կատարվում կամ լապարոսկոպիկ, կամ լապարոտոմիկ (որովայնահատման) եղանակներով[1]։ Բուժման առկայության պայմաններում ելքը բարենպաստ է[4]։
Զարգացած երկրներում հանդիպման հաճախականությունը կազմում է կենդանածինների 1-2%-ը, սակայն անպտղության բուժման հորմոնային պրեպարատների կիրառման հետևանքով, կարող է հասնել մինչև 4%[1]։ Հանդիսանում է հղիության առաջին եռամսյակի ընթացքում, կանանց մահվան գլխավոր պատճառներից մեկը[4]։ Զարգացած երկրներում ելքն ավելի բարենպաստ է[5]։ Մահվան ռիսկն այնտեղ կազմում է 0.1-0.3%, իսկ զարգացող երկրներում այս ցուցանիշը 1-3% է[6]։