Ստամոքսաղիքային համակարգ
From Wikipedia, the free encyclopedia
Ստամոքսաղիքային տրակտ (ՍԱ տրակտ, ՍԱՏ, մարսողական տրակտ, մարսողական խողովակ), բերանի խոռոչից մինչև հետանցք ընկած ուղի, որը ներառում է մարդու և այլ կենդանիների մարսողական համակարգի բոլոր օրգանները։ Բերանի միջոցով ընդունված սնունդը հանդիսանում է սննդանյութերի և էներգիայի աղբյուր, իսկ չմարսված մնացորդները դուրս են մղվում որպես կղանք։ Բերանը, կերակրափողը, ստամոքսը և աղիները ստամոքս-աղիքային տրակտի մի մասն են։ Գաստրոինտեստինալ ածականը ներառում է ստամոքսը և աղիները։ Տրակտը հարակից անատոմիական կառուցվածքները և մի շարք միմյանց հետ կապված օրգանները միավորող համակարգ է։
Ողնաշարավոր ու անողնաշարավոր կենդանիների մեծ մասն ունեն մարսողական համակարգ։ Սպունգները և կնիդարիաները անողնաշարավորներ են, որոնց մարսողական համակարգը թերի է՝ ունեն ոչ թե երկու, այլ մեկ բացվածք, որտեղով սնունդը և՛ ընդունվում է, և՛ չմարսված մնացորդներն արտազատվում[1][2]։
ՍԱ համակարգը ներառում է բերանի և հետանցքի միջև եղած բոլոր կառույցները, կազմում է շարունակական անցուղի։ Մարդու ստամոքս-աղիքային համակարգը բաղկացած է կերակրափողից, ստամոքսից և աղիքներից, բաժանված է վերին և ստորին հատվածների։ Այնուամենայնիվ, մարդու ամբողջական մարսողական համակարգը բաղկացած է ստամոքս-աղիքային տրակտից, ինչպես նաև մարսողության օժանդակ օրգաններից (լեզու, թքագեղձեր, ենթաստամոքսային գեղձ, լյարդ և լեղապարկ)։ Տրակտը կարող է նաև բաժանվել առաջային, միջին և հետին աղիքների ՝ արտացոլելով յուրաքանչյուր հատվածի սաղմնաբանական ծագումը։ Մարդու ամբողջ ՍԱ տրակտը դիահերձման ժամանակ ունի մոտ ինը մետր (30 ոտնաչափ) երկարություն։ Կենդանի մարմնում այն բավականին կարճ է, քանի որ աղիները, որոնք հարթ մկանային հյուսվածքի խողովակներ են, կիսալարված վիճակում պահպանում են մկանների տոնուսը, բայց կարող են կծկվել`ապահովելով աղիների պերիստալտիկան[3][4]։
Ստամոքս-աղիքային տրակտը պարունակում է միլիոնավոր մանրէներ, որոնցից շուրջ 4000-ը ունեն տարբեր դերեր իմունային առողջության և նյութափոխանակության պահպանման գործում[5][6][7]։ ՍԱ տրակտի բջիջները հորմոններ են սինթեզում, որոնք օգնում են կարգավորել մարսողական գործընթացը։ Այդ մարսողական հորմոնները, ներառյալ գաստրինը, սեկրետինը, խոլեցիստոկինինը և գրելինը, միջնորդվում են կամ պարակրին կամ աուտոկրին մեխանիզմների միջոցով, ինչը ցույց է տալիս, որ այդ հորմոններն սինթեզող բջիջները պահպանված կառուցվածքներ են ամբողջ էվոլյուցիայի ընթացքում։