Վիքի
From Wikipedia, the free encyclopedia
Վիքի, WWW համաշխարհային ցանցի վեբ կայքերի ծրագրային ձևաչափ, որը թույլ է տալիս բոլոր օգտագործողներին խմբագրել կամ փոփոխել կայքի բովանդակությունը[1], ընդ որում բոլոր կատարված փոփոխություններն անմիջապես երևում են մյուս օգտագործողների էկրաններին։ Վիքին համացանցային հաղորդակցման շատ հարմար գործիք է, որը հնարավորություն է տալիս աշխարհի բոլոր ծայրերում գտնվող մարդկանց համատեղ աշխատել մեկ նախագծի վրա[2]։
Վիքի վեբային հանգույցի առաջին առաջարկն արել է Ուարդ Քաննինգհեմը 1995 թ. որպես ծրագրավորման մոդելների խմբային կամ համատեղ քննարկման ձև, և ծրագրավորել է առաջին վիքի «սոֆթվեյրը» կամ համակարգչային ծրագիրը, որը կոչվում էր WikiWikiWeb և սկզբում բնութագրվում էր որպես «ամենապարզ առցանց տվյալների շտեմարանը, որը կարող է աշխատել»[3]։
«Վիքի» կամ «վիքիվիքի» հավայերեն բառ է, որը նշանակում է «արագ»[4]։ Անգլերեն "Wiki" բառը շատերի կողմից հիմա դիտվում է որպես «What I Know Is» արտահայտության համառոտագրություն[5]։