Մարդու պապիլոմավիրուս
From Wikipedia, the free encyclopedia
Մարդու պապիլոմավիրուսային հիվանդություն, առաջացման պատճառը հանդիսանում է Պապիլոմավիրիդե ընտանիքի ԴՆԹ-վիրուսը[2]։ Հիվանդությունները, որոնք առաջացնում են մարդու պապիլոմավիրուները, հիմնականում կլինիկապես չեն դրսևորվում և 90% դեպքերում ինքնաբուժվում են 2 տարվա ընթացում։ Որոշ դեպքերում վիրուսը պահպանվում է և առաջացնում է գորտնուկներ կամ նախաքաղցկեղային ախտահարումներ[3][4]։ Կախված ախտահարված հատվածից, վիրուսը մեծացնում է արգանդի վզիկի, վուլվայի, հեշտոցի, առնանդամի, հետանցքի, բերանի խոռոչի, նշիկների և կոկորդի քաղցկեղի առաջացման հավանականությունը[3][5]։ Արգանդի վզիկի քաղցկեղի գրեթե բոլոր դեպքերը պայմանավորված են մարդու պապիլոմավիրուսով՝ մասնավորապես ՄՊՎ-16 և ՄՊՎ-18 շտամներով (կազմում են դեպքերի 70%ը)[3][6]։ Բերանաըմպանային քաղցկեղների 90% դեպքերը պայմանավորված են ՄՊՎ-16 շտամով[5]։ Վերը թվարկված քաղցկեղների 60-90% դեպքերում էթիոլոգիկ գործոնը հանդիսանում է հենց այս վիուսը[6]։ ՄՊՎ-6 և ՄՊՎ-11-ն էլ սրածայր կոնդիլոմաների և ըմպանի պապիլոմաների տարածված պատճառ են[3]։
Մարդու պապիլոմավիրուս | |
---|---|
Տեսակ | Վարակ, վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | human papilloma virus? |
Հետևանք | գորտնուկներ |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 078.1 և 079.4 |
ՀՄԴ-10 | B97.7 |
Human Papilloma Virus[1] Վիքիպահեստում |
Այսպիսով մարդու պապիլոմավիրուսային հիվանդությունը առաջանում է համանուն վիրուսով վարակվելիս։ Նկարագրված են վիրուսի շուրջ 170 տեսակի շտամ։ Անձը կարող է միաժամանակ վարակվել մի քանի տեսակի շտամով։ Նաև պետք է նշել, որ այս վիրուսով վարակվում է միայն մարդը։ Ավելի քան 40 տեսակի շտամներ փոխանցվում են սեռական ճանապարհով և ախտահարում են հետանցքն ու սեռական օրգանները։ Ռիսկի գործոններ են հանդիսանում վաղ տարիքում սեռական կյանքի սկիզբը, բազմաթիվ սեռական զուգընկերների առկայությունը, ծխելը և թույլ իմունային համակարգը[3]։ Այս շտամները փոխանցվում են տևական մաշկային կոնտակտի պայմաններում՝ հեշտոցային և անալ սեռական հարաբերությունները առավել տարածված միջոցներ են։ ՄՊՎ-ն կարող է փոխանցվել նաև հղիության ընթացքում մորից պտղին։ Որևէ ապացույց չկա այն մասին, արդյոք վիրուսը փոխանցվում է կենցաղային իրերի, օրինակ նույն զուգարանակոնքից օգտվելիս, սակայն սրածայր կոնդիլոմաներ/սեռական գորտնուկներ առաջացնող շտամը կարող է փոխանցվել մակերեսներից, օրինակ հատակի միջոցով։
Մարդու պապիլոմավիուսի դեմ պատվասումը կանխարգելում է վիրուսի առավել տարածված շտամները։ Առավել արդյունավետ է պատվաստվել նախքան սեռական կյանքի սկիզբը, ուստի խորհուրդ է տրվում 9-13 տարեկան հասակում կատարել այն[3]։ Արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգային թեստը՝ Պապ-թեստը, կարող է ցույց տալ և՜ քաղցկեղի առկայությունը սկզբնական փուլերում, և՜ անոմալ բջիջների առկայությունը, որոնք իրենց հերթին հետագայում կարող են առաջացնել քաղցկեղ։ Սկրինինգը թույլ է տալիս ավելի վաղ հայտնաբերել ախտահարումը և սկսել բուժումը, ինչը մեծացնում է բուժման արդյունավետությունը[3]։ Նշենք նաև, որ սկրինինգի շնորհիվ նվազել են արգանդի վզիկի քաղցկեղի ինչպես դեպքերը, այնպես էլ դրանով պայմանավորված մահերի քանակը։
Սեռական գորտնուկները կարող են հեռացվել կրիոթերապիայի միջոցով։
Սեռական կյանքով ապրող գրեթե յուրաքանչյուր անձ կյանքի որոշակի փուլում վարակված է եղել ՄՊՎ-ով։ Ամբողջ աշխարհում, մարդու պապիլոմա վիրուսը համարվում է սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված ինֆեկցիան[2]։ Աշխարհում, 2018-ին գրանցվել է արգանդի վզիկի քաղցկեղի 569,000 նոր դեպք, որոնցից 311,000-ը մահվան ելքով։ Դեպքերի 85%-ը գրանցվում են թույլ և միջին զարգացվածության երկրներում[3]։ ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է ՄՊՎ-ով պայմանավորված արգանդի վզիկի քաղցկեղի 30,700 նոր դեպք։ Սեռական կյանքով ապրող մարդկանց, մոտավորապես, 1%-ը ունեն սեռական գորտնուկներ։ Մաշկային գոտնուկները նկարագրված են եղել դեռևս Հին Հունաստանի ժամանակներից, բայց այն, որ դրանք առաջանում են վիրուսներով վարակվելիս պարզ չի եղել ընդհուպ մինչև 1907 թվականը։